AM
18 Սեպտեմբեր 2025 - 07:22 AMT

ՀՀ ժամանող օտարերկրացիները կկարողանան նախապես ինտերնետ-փաթեթներ գնել հեռակա կարգով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ընդունված որոշման համաձայն՝ օտարերկրացիները կկարողանան հեռակա կարգով ինտերնետ-փաթեթներ գնել Հայաստանում օգտագործելու համար։

ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը նշել է, որ մինչ այս նման հնարավորություն ունեցել են միայն ՀՀ քաղաքացիները։ Նրանք կարողացել են օպերատորների բջջային հավելվածների միջոցով ստանալ վիրտուալ SIM-քարտեր և օգտվել սակագնային փաթեթներից՝ առանց մասնաճյուղ այցելելու, հայտնում է Sputnik Արմենիան։

Այժմ, ըստ ՀԾԿՀ որոշման, օպերատորները կարող են այս ծառայությունը մատուցել նաև օտարերկրացիներին՝ անհրաժեշտ նույնականացման ապահովման պայմանով։ Սա նշանակում է, որ զբոսաշրջիկը, դեռևս Հայաստան չժամանած, կարող է ներբեռնել օպերատորի հավելվածը, լրացնել անձնական տվյալները, ակտիվացնել վիրտուալ SIM-քարտն ու գնել ինտերնետ։

Հունանյանի խոսքով՝ այս փոփոխությունը ուղղված է նրան, որ հայկական օպերատորները կարողանան մրցունակ լինել միջազգային ինտերնետային ծառայությունների՝ օրինակ Airalo-ի նման հարթակների հետ։ Ի տարբերություն սովորական հավելվածների՝ (օրինակ՝ Viber, Whatsapp) նման պլատֆորմներն առաջարկում են ինչպես համաշխարհային ինտերնետ հասանելիություն, այնպես էլ վիրտուալ SIM-քարտեր, որոնք օգտատերերը կարող են օգտագործել բազմաթիվ երկրներում՝ առանց տեղական օպերատորների սպասարկման։

Նշվում է, որ այս հնարավորությունը բջջային օպերատորների համար պարտադիր չէ, այլ ընդամենը թույլտվություն է։ Ներկայումս միայն երեք օպերատորներից մեկն է այս ֆունկցիան ակտիվացրել նույնիսկ ՀՀ քաղաքացիների համար։ Սակայն ՀԾԿՀ-ն չի բացառում, որ ապագայում կարող է այս հնարավորությունը դարձնել պարտադիր, եթե պարզվի, որ Հայաստանը զիջում է միջազգային զարգացման տեմպերին։