AM
18 Սեպտեմբեր 2025 - 09:45 AMT

Ավինյան․ «Աջափնյակ»կայարանի շինարարությունը կարող է մեկնարկել 2026-ից

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, և շինարարական աշխատանքները կարող են սկսվել 2026-ին։ Կառավարության նիստում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին։

«Մենք այս նախագիծը բաժանել ենք երեք փուլի։ Այս երեք փուլերը լինելու են «Բարեկամություն» մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամրջի կառուցումը և կամրջից թունել՝ դեպի կայարան և հենց բուն կայարանի կառուցումը։ Մենք երեք լոտով կհայտարարենք մրցույթներ, կտեղեկացնենք բոլոր հնարավոր խոշոր ընկերություններին, կունենանք հաղթող և արդեն հաջորդ իսկ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը: Ես կարող եմ ասել, որ 2026 թ. մենք կարող ենք սկսել աշխատանքներն «Աջափնյակ» մետրոյի կայարանում»,-ասել է նա, գրում է Արմենպրեսը։

Ավինյանի խոսքով՝ կայարանի գործարկումից հետո մետրոպոլիտենի ուղևորահոսքը կաճի մոտ 25 տոկոսով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում ընդգծել է, որ մետրոպոլիտենի զարգացման հարցը քննարկվում է նաև Ակադեմիական քաղաքի տրանսպորտային համակարգի նախագծի շրջանակում։

«Երբ որ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման հնարավոր սցենարներ էինք քննարկում, եկանք այն եզրակացության, որ մենք հնարավորություն ունենք մետրոյի «Աջափնյակ» կայարանից հետո զարգացնել մինչև Ակադեմիական քաղաք և Ակադեմիական քաղաքի մետրոյի կայարանն ուղղորդել դեպի «Չարբախ» մետրոյի կայարան և, ըստ էության կստացվի, որ մենք ինչ-որ առումով շրջանաձև մետրոյի երթևեկություն ենք ունենում»,-ասել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ այս նախագիծը իր ծավալներով բավականին մեծ է, և դրա իրագործման համար պահանջվելու է երկար ժամանակ։

Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ մշակելու մասին քաղաքապետարանը հայտարարել է դեռևս 2018–ին։