AM
18 Սեպտեմբեր 2025 - 10:18 AMT

Ավինյան․ Մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղի կկառուցվի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ քննարկում են մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման հարցը. մրցույթը հայտարարվել է, հայտնում է Radar Armenia-ն։

«Հիմա ֆինանսների նախարարի հայացքն եմ տեսնում իմ ուղղությամբ, բայց մենք կփորձենք հիմնականում մեր միջոցներով այս ծրագիրն իրականացնել»,-ասել է նա։

1967 թվականից Երևանում գործում էր կենտրոնը Հին Նորքի հետ կապող ճոպանուղին, որը վթարվեց 2004 թվականին և չի գործում մինչ օրս։ Ճոպանուղին օրական տեղափոխել է մոտ 500 ուղևոր։ Ներկայումս շենքը լքված և անխնամ վիճակում է։

Դեռևս 2018–ին հայտարարվել էր, որ Երևանում նախատեսվում է նոր ճոպանուղու կառուցում: Խոսվում էր 3 տարբերակի մասին՝ Կոմիտասի անվան պուրակ, միջանկյալ՝ «Մայր Հայաստան» արձան (Հաղթանակ զբոսայգի), Քանաքեռ-Զեյթուն, երկրորդը՝ Մաշտոցի պողոտա՝ Գլխավոր պողոտայի հատված,միջանկյալ՝ Հալաբյան փողոց` Թումանյանի այգի, 16-րդ թաղամաս՝ 2-րդ շղթա, երրորդը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ (Օղակաձև զբոսայգի), միջանկյալ՝ Նորք Մարաշ վարչական շրջան, Նոր-Նորք 2-րդ զանգված` Գայի պողոտա: Ասվել էր, որ ծրագիրը կիրականացվի 3 տարում և կպահանջի 20 մլն դոլարի ներդրում։