Հայաստանի պատմության թանգարանը սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության տոնին, առաջին անգամ կբացի բացառիկ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Լուվրի թանգարանի հավաքածուից բերված 16 ուշագրավ արևելաքրիստոնեական գլուխգործոց։ Դրանք կցուցադրվեն երկխոսության ձևաչափով՝ Հայաստանի պատմության թանգարանի ընտրանիի հետ։
Ցուցադրության համադրողներն են Դավիթ Պողոսյանը, Նժդեհ Երանյանը, Սոնա Հովսեփյանը, Մաքսիմիլիեն Դյուրանը և Կամիլ Շենեն, հայտնում է Արմենպրեսը։
Ցուցանմուշներն ընդգրկում են լայն աշխարհագրություն՝ Բուլղարիայից մինչև Եգիպտոս, Կրետեից մինչև Սիրիա։ Ժամանակային ընդգրկումը սկսվում է 4-րդ դարից և հասնում մինչև 19-րդ դար։ Ներկայացվելու են ապակու և փայտարվեստի նմուշներ, խաչքարեր ու ճարտարապետական բեկորներ, ոսկերչական աշխատանքներ, եկեղեցական հանդերձանքներ, վարագույրներ, սպասք և սրբապատկերներ։
Լուվրից բերված բացառիկ գործերից են՝ Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ., Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ., Բյուզանդական կայսրություն), արծաթյա դրվագազարդ ապարանջան (12-13-րդ դդ., Բյուզանդական կայսրություն), Աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ., Կրետե) և խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ., Երուսաղեմ)։
Դրանք համադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում պահվող արժեքավոր նմուշների հետ, այդ թվում՝ Դվինի թևավոր խաչ (7-րդ դ.), Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակներ (9-րդ դ.), փորագրություններով դուռ (15-րդ դ.), Անիի բուրվառներից մեկը (13-րդ դ.), Բաղեշի Սուրբ Հովհաննես վանքի խորանախաչ (1770 թ.), Գավառի Սուրբ Հովհաննես եկեղեցու վարագույր (19-րդ դ.)։ Առանձնահատուկ կցուցադրվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։
Ցուցահանդեսի նպատակը Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա ժառանգության ամբողջական պատկերը ներկայացնելն է։ Այն ընդգծում է արևելաքրիստոնեական աշխարհում կատարողական տեխնիկաների, պատկերագրության և մոտիվների փոխանակման դերը, ինչպես նաև կապերը Հռոմեական կայսրության և իսլամական աշխարհի հետ։
Նախագիծը բացում է Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի միջև նոր համագործակցության ձևաչափ, որը հիմնված է երկու կողմերի միջև նախորդ տարի կնքված հուշագրի վրա։ Ցուցահանդեսի բացումն անկախության տոնին ունի խորհրդանշական նշանակություն՝ ի հիշեցում Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա պետության պատմական առաքելության։
Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։






