AM
18 Սեպտեմբեր 2025 - 13:27 AMT

Սև ծովից ցիկլոն է գալիս․ 8-12 աստիճանով կցրտի

Սև ծովից Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում, որի ներթափանցումը կզգացվի արդեն սեպտեմբերի 18–ի ուշ երեկոյան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ գիշերը առանձին շրջաններում, սեպտեմբերի 19–ի ցերեկային ժամերին հանրապետության գրեթե ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում` sեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 22-ի ցերեկը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի` 8-12, 20-ի ցերեկը կբարձրանա` 4-5 աստիճանով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։

Երևանում՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 19-ի ցերեկը Երևանում օդի ջերմաստիճանը կլինի +18․․․20 °C, իսկ երեկոյան կնվազի մինչև +13…+15 °C։