AM
19 Սեպտեմբեր 2025 - 10:00 AMT

Ավանեսով․ Բաքուն որդեգրել է Արցախի մշակութային ժառանգության հետևողական ջնջման ռազմավարություն

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններին և դրան հաջորդած արցախահայության բռնի տեղահանությանը՝ ընդգծելով Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության փաստը։

«Փաստագրված դեպքերի և արձանագրված խախտումների ծավալը թույլ է տալիս միանշանակ պնդելու, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում է համաշխարհային մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։ Բաքվի վարչակարգը որդեգրել է մշակութային ժառանգության հետևողական ջնջման ռազմավարություն՝ նպատակ ունենալով վերացնել Արցախում հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը»,– նշել է Ավանեսովը։

Նա հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Արցախը շարունակում էր գտնվել Ադրբեջանի կողմից թելադրված շրջափակման պայմաններում, թուրք-ադրբեջանական համագործակցությամբ սկսվել է լայնածավալ ռազմական հարձակում։ Այդ գործողությունների ժամանակ առաջնահերթ թիրախ են դարձել ոչ թե ռազմական օբյեկտները, այլ քաղաքացիական բնակչությունն ու հասարակական նշանակության ենթակառուցվածքները, ինչը միջազգային իրավունքի խախտում է և դասվում է ռազմական հանցագործությունների շարքին։

Ավանեսովը շեշտել է, որ այս պատերազմական գործողությունների հետևանքով Արցախը ժամանակավորապես զավթվել է, իսկ հայ բնակչությունը բռնի կերպով հեռացվել է իր պատմական հողերից։ Այս ամենը, ըստ նրա, ոչ միայն ցեղասպանություն է, այլև ուղիղ հարված՝ ուղղված հայկական ինքնության սյուներին։

Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից ի վեր Ադրբեջանի գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով Արցախի պատմամշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացմամբ։ Տասնյակ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ, պատմական թաղամասեր և մշակութային հաստատություններ վերացվել կամ ենթարկվել են վնասի։ Ավանեսովը ընդգծել է, որ այդ ժառանգությունը համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն է, և դրանց կորստի փաստը պետք է որակել որպես համաշխարհային մակարդակի մշակութային ցեղասպանություն։

«Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքի, անգործության և շատ դեպքերում՝ հանցավոր լռության պայմաններում։ Ավելին, միջազգային կառույցները հաճախ սահմանափակվում են արարողակարգային հայտարարություններով՝ խուսափելով անվանել կատարվածը իր անունով՝ ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն։

Այսպիսի մոտեցումը ոչ միայն խրախուսում է Բաքվի հանցավոր քաղաքականությունը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ապագա հանցագործությունների համար»,- գրել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։