Արցախի իշխանությունները բարձրացրել են 2023 թվականին զոհված և Արցախում հուղարկավորված 66 անձի արտաշիրիմման և Հայաստան տեղափոխման հարցը։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Նրանք հուղարկավորված են և Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, և շրջաններում։ Հարցը բարձրացրել ենք Հայաստանի իշխանությունների մոտ, Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ։ Ստացել ենք համաձայնություն, բայց ցավոք սրտի, մինչ օրս դա տեղի չի ունեցել»,– ասել է Շահրամանյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ արցախյան կողմը բարձրացրել է նաև անհետ կորածների և գերիների վերադարձի հարցերը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Շահրամանյանը հերքել է իր՝ Եվլախում գտնվելու և որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին շրջանառվող պնդումները։
«Տարածվող խոսակցությունները կեղծիք են»,– ասել է Շահրամանյանը։
Նա պնդել է, որ քննարկված բոլոր հարցերը եղել են բացառապես հումանիտար բնույթի, իսկ հրապարակվող տարբեր տեղեկությունները չունեն իրական հիմք։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






