Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը «State&Tech bridge» միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ն արդեն իր տեղն ունի կիսահաղորդչային մատակարարման գլոբալ շղթայում։ Նա նշել է, որ մեր երկիրը չի կարող ապահովել մեծածավալ արտադրություն, բայց ունի նշանակալի դեր նախագծման, հավաքման և վերջնական արտադրանքի ձևավորման փուլերում։
Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակն է միջազգային հուշագրերով ամրագրել իր կայուն դիրքը և հետագայում առավել ամրապնդել այն։ Նա նաև կարևորել է արհեստական բանականության դերը և մասնագետների պատրաստման շարունակականությունը, հայտնում է Արմենպրեսը։
«Շատ անելիքներ ունենք։ Պետք է ուշադրություն դարձնել տաղանդների անընդհատ մատակարրմանը, հատկապես էլեկտրական ինժեներների և ԱԲ ոլորտի մասնագետների։ Կարևոր է տիրապետել ոչ միայն մաթեմատիկային, ֆիզիկային, տվյալագիտությանը, այլև ԱԲ գործիքներին ու թվայնացման հմտություններին՝ արտադրողականությունը բարձրացնելու համար»,– ընդգծել է Սիմոնյանը։
Փոխնախարարը հավելել է, որ ընթացքի մեջ են նաև ներմուծման և արտահանման գործընթացների պարզեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նրա խոսքով՝ 2023 թվականի մայիսին ընդունված 808 որոշման հետևանքով արտահանման ընթացակարգերը բարդացել են․ ընկերությունները նախ դիմում են հետազոտության, հետո նոր՝ էկոնոմիկայի նախարարություն, և այդ գործընթացը երբեմն ձգվում է մինչև երկու ամիս։
Սիմոնյանը նշել է, որ այժմ մշակվում է «validated»-ների համակարգ, որի շրջանակում վստահելի ընկերությունների ստուգումները կիրականացվեն հետագայում՝ պոստֆակտում։ Նման մոտեցում է նախատեսվում նաև ներմուծման դեպքում, քանի որ որոշ հումքեր չունեն հստակ կոդեր, ինչի հետևանքով գործընթացները ձգձգվում են, իսկ նյութերը հաճախ դառնում են անպիտան։
Սիմոնյանը ընդգծել է, որ Հայաստանը պետք է ներկայիս մարտահրավերները դիտարկի որպես հնարավորություն՝ կիսահաղորդչային և լայն տեխնոլոգիական շուկաներում իր դիրքերն ամրապնդելու նպատակով։






