«ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցած հոսանքազրկումներին:Նրա խոսքով՝ ներկայում ընկերության ենթակառուցվածքներն այնքան են մաշվել, որ որևէ արմատական փոփոխություն հնարավոր չի եղել կատարել կարճ ժամկետում։
Պետրոսյանի խոսքով` նշված անջատման մեջ կար նաև նույն սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը, հայտնում է 1lurer.am-ը։
«Երկուշաբթի օրը հենց ՀԷՑ-ում կլինեն ազատումներ, և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»,- ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը։
Նա նշել է նաև, որ ՀԷՑ-ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել։
«Բայց ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունը չլիներ, կտևեին գուցե երեք կամ վեց ժամ»,– նշել է նա։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






