AM
22 Սեպտեմբեր 2025 - 09:56 AMT

Ռուբինյան․ Հենց այսօր պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն հենց այսօր պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ:

«Մեր երկխոսությունը Թուրքիայի հետ շարունակվում է, ու մենք համոզված ենք որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ՝ չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորւոմը ոչ միայն կբերի կայունություն և բարoրություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր»,-հայտարարել է Ռուբինյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա հայտարարել է, որ Հայաստանն ունի բացառիկ պատմական հնարավորություն՝ անցյալում եղած հակամարտությունները հաղթահարելու և կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա։ Նրա խոսքով՝ նման հնարավորություն բաց թողնելը անթույլատրելի է, և այն պետք է վերածել կայունության ու զարգացման իրական հեռանկարի։

Նա նշել է․ «Վաշինգտոնի հռչակագիրը կարևորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը՝ հանուն խաղաղության կայունության և բարօրության։ Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի միջազգային խաղաղության և բարեկեցության «Թրամփի ուղի» հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի ՀՀ տարածքում։ Սույն նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից շատ ավելին է՝ այն վստահության և համագործակցության կամուրջ է, որի իրագործումը շոշափելի արդյունքներ կտա ողջ տարածաշրջանում»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։