AM
22 Սեպտեմբեր 2025 - 11:53 AMT

Ադրբեջանի պատվիրակը Երևանում խոսել է համաձայնագիրը չստորագրելու «միակ խոչընդոտի» մասին, գերիներին անվանել «օրինախախտներ»

Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի պատվիրակ Մուրադ Մամեդովը խոսել է ՀՀ հետ խաղաղության համաձայնագիրը չստորագրելու «միակ խոչընդոտի» մասին։

«Ադրբեջանը որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանին, սակայն, ըստ Հայաստանի սահմանադրության, Հայաստանն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանին։ Դա կարող է միակ խոչընդոտը հանդիսանալ պայմանագիրը չստորագրելու համար»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նաև պատասխանել է այն հարցին, որ եթե Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն, պատրաստվո՞ւմ է հայ գերիներին վերադարձնել։

«Շատ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ հարցը դեռևս գործընթացի և քննության մեջ է։ Կան մեղադրյալներ, որոնք, ըստ Ադրբեջանի օրենքի, համարվում են օրինախախտներ, այդ իսկ պատճառով Բաքվում են պահվում։ Զինվորներին բոլորին բաց են թողնել, ինչ վերաբերվում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, դեռևս հարցը քննության մեջ է»,–ասել է նա։

Իսկ թե ինչի՞ մասին է «Արևելյալ Ադրբեջանի» մասին խոսույթը հարցին՝ նա պատասխանել է, որ դա ընդամենը ՀԿ է, որը սպասարկում է ժողովրդի շահերը։

«Այն ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում, քանի որ երկար տարիներ ապրել են այդ տարածքներում և ուզում են այցելել»,–ասել է նա։

Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի աշխատանքներին մասնակցում են նաև պատվիրակներ Թուրքիայից և Ադրբեջանից։

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը սեպտեմբերի 19-21-ը գտնվել է Բաքվում՝ մասնակցելով միջազգային ֆորումի։ Նրա այցից մանրամասներ հայտնի չեն։