Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ ԽՎ թուրք ներկայացուցիչ Ֆաթմա Աքսալն ասել է, որ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար նոր էջ է բացվում։
«Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը։ Կարծում եմ, բոլոր երկրներն էլ օգուտներ կքաղեն խաղաղությունից, որովհետև դա կարևոր է ոչ միայն առանձին երկրների համար, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար, որովհետև եթե խաղաղություն հաստատվի երկրների միջև՝ այն կտարածվի ամբողջ աշխարհում»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Թուրք պատգամավորն անդրադարձել է նաև սահմանների բացման հեռանկարին՝ նշելով, որ արդեն իսկ կան ուղիղ թռիչքներ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Նրա խոսքով՝ նպատակ ունեն այդ հաղորդակցությունները ընդլայնել։
«Մենք հույս ունենք, որ սահմանների բացումը տեղի կունենա ավելի շուտ, հիմա արդեն ունենք թռիչքներ, այժմ փորձում ենք ավելացնել թռիչքները դեպի Թուրքիա»։
Նա վստահեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության հաստատումը կարող է դրական օրինակ դառնալ նաև այլ տարածաշրջանների համար։
Դիտարկմանը, թե Թուրքիան է փակել սահմանը, ե՞րբ է մտադիր բացել այն՝ նա պատասախնել է, որ այժմ այդ ուղղությամբ երկխոսություն է ընթանում։
Հարցին, թե սրա համար նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորո՞ւմն է՝ թուրք պատվիրակը պատասխանել է, որ Հայաստանն ունի լավ հնարավորություն հաստատելու խաղաղություն։
«Մենք չունենք որևէ պայման, որի իրագարծման պարագայում կբացվի սահմանը, այս պահին երկխոսություն է ընթանում և մենք հուսով ենք, որ ամեն բան կկարգավորվի»,–ասել է նա։
Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի աշխատանքներին մասնակցում են նաև պատվիրակներ Թուրքիայից և Ադրբեջանից։






