AM
22 Սեպտեմբեր 2025 - 14:34 AMT

Փոփոխություն է նախատեսվում «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 22-ի նիստում քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ներկայում առաջացել է իրավիճակ, երբ պետական այլ կառույցներում ծառայած և Պրոբացիայի ծառայություն տեղափոխված աշխատողների ծառայության տարիները կոչումների շնորհման ժամանակ հաշվի չեն առնվում։

«Այս կարգավորումը գործում է բոլոր ուժային կառույցներում, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ, օրինակ, Ոստիկանության ծառայությունից ծառայողն անցնում է Պրոբացիայի ծառայության, և ծառայության տարիները հաշվի չէին առնվում կոչումներ շնորհելու համար»,– նշել է Քոչարյանը։

Նախագծով առաջարկվում է կարգավորել այս բացը՝ թույլ տալով հաշվի առնել նախորդ ծառայության ժամկետները։

Բացի այդ, նախագծով նախատեսվում է նոր լրացում․ որպես խրախուսանք, պրոբացիայի ծառայողներին հնարավորություն կտրվի շնորհել զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից մեկ աստիճանով բարձր կոչում՝ բացառությամբ արդարադատության գնդապետի կոչման։

Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը կարևորել է նախաձեռնությունը և առաջարկել կողմ քվեարկել։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ առաջարկելով օրինագիծը ներառել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգում։

Նախագիծը հանձնաժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ։