AM
23 Սեպտեմբեր 2025 - 14:11 AMT

ԿԲ նախագահ․ ՀՀ բանկային ակտիվները գերազանցել են ՀՆԱ-ի 100%-ը

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ Հայաստանի բանկային ակտիվները (տրված վարկեր և այլ եկամուտներ) այժմ գերազանցում են երկրի համախառն ներքին արդյունքը։ Այդ մասին նա ասել է Հանրապետության բանկերի միության ամենամյա համաժողովում։

Նրա գնահատմամբ՝ եթե 2000-ականների սկզբին այդ հարաբերակցությունը կազմում էր ընդամենը 20 տոկոս, ապա այսօր այն անցել է ՀՆԱ-ի շեմը, գրում է Sputnik Արմենիան։

Գալստյանը հիշեցրել է, որ տարիների ընթացքում համակարգում ստեղծվել են կարևոր ինստիտուտներ՝ ավանդների երաշխավորման հիմնադրամ, վարկային բյուրո, վճարահաշվարկային ենթակառուցվածքներ, ֆինանսական օմբուդսմենի գրասենյակ և սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ։

ԿԲ ղեկավարը շեշտել է, որ բանկերը պարտավոր են շարունակել այդ հիմքի վրա զարգանալ, ընդլայնել ենթակառուցվածքները, արդյունավետորեն կառավարել տնտեսական ու քաղաքական աճող ռիսկերը և անցնել թվային տրանսֆորմացիայի։ Նրա խոսքով, դա պահանջում է ճկունություն և նորարարական մոտեցում։

2024 թվականին բանկային համակարգի ակտիվների ծավալը կազմել է 11 տրիլիոն 35 միլիարդ դրամ (28,7 միլիարդ դոլար), մինչդեռ ՀՆԱ-ն կազմել է 10 տրիլիոն 127 միլիարդ դրամ (26,3 միլիարդ դոլար)։