AM
24 Սեպտեմբեր 2025 - 07:17 AMT

Կարապետյան. 9 ամսում ՀԷՑ-ից 0 դրամ եմ ստացել

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքում արձագանքել է ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ վերջին օրերի հայտարարություններին, որոնք վերաբերում են ՀԷՑ-ի ղեկավարության վարձատրությանը։

Նա նշել է, որ 9 ամսում, ինչ նշանակվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, հրաժարվել է աշխատավարձից և ոչ մի կոպեկ չի ստացել։

«9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ: Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ:

Հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե: Խնդրում եմ «փաստեր» նշելուց մի նշեք այնպես, որ դրանք մարդկանց հատուկ շփոթության մեջ գցեն»,–գրել է նա։

Ավելի վաղ Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքը ՀԷՑ-ից 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, ասել է, որ նման թվեր են վկայակոչողները տասնյակ միլիոնանոց պարգևավճարներ են ստանում։

«Դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել, բայց դուք կտեսնես իմ հայտարարգրի մեջ։ Ավելին ասեմ, այդ սուբյեկտները, որ նման թվեր են վկայակոչում, նրանց ստացած տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես ու նշանակած թիմը հրաժարվել ենք, ու բոլորն ուղղել ենք ՀԷՑ-ի սոցիալական ամենաներքևի շեմին»,-ասել էր Պետրոսյանը։