AM
24 Սեպտեմբեր 2025 - 12:03 AMT

Նախագիծ․ Մոտ 5000 տաքսիստի տույժ–տուգանքները կհամաներվեն

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ մոտ 5000 լիցենզավորված տաքսիստների նկատմամբ կիրառված տույժերն ու տուգանքները կհամաներվեն։

Այդ նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որով կսահմանվի, որ պետական տուրքի չվճարման արդյունքում կուտակված տույժերն ու պարտավորությունները կվերացվեն, հայտնում է Sputnik Արմենիան։

Սիմոնյանի խոսքով՝ փոփոխությունները վերաբերում են 2015–2019 թվականներին գործող ֆիզիկական անձ հանդիսացող տաքսու վարորդներին, որոնք տրամադրել են լիցենզավորված փոխադրումների ծառայություններ։

Ըստ նրա՝ խնդիրը առաջացել է, քանի որ դեռ 2015 թվականի հունիսի 29-ին վերացվել են պետական տուրքերը ֆիզիկական անձ հանդիսացող տաքսիստների համար, սակայն դրանց վճարման պահանջները շարունակվել են պահպանվել։

«2019 թվականին լիցենզավորման պետական տուրքերի նորմերն ուժը կորցրած են ճանաչվել ֆիզիկական անձ հանդիսացող տաքսիստների համար, սակայն այս գործունեությունը շարունակվում էր համարվել լիցենզավորման ենթակա։ Այս ընթացքում շուրջ 10 հազար անձի լիցենզավորում է տրամադրվել, որոնցից 5000–ի մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ` մոտ 1.3 մլրդ դրամի չափով, որից տույժը կազմել է 400 մլն դրամի չափով»,– նշել է նա։

Փոխնախարարը նաև ընդգծել է, որ մինչդեռ օրինական դաշտում գործող տաքսիստները շարունակում էին կրել ֆինանսական բեռ, այն վարորդների տուգանքները, որոնք լիցենզիայի բացակայությամբ են գործել ու տուգանվել, արդեն համաներման են ենթարկվել։ Այս անհավասար մոտեցումը դարձել է համաներման նոր նախագծի անհրաժեշտության հիմք։

Նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ստացել է միաձայն դրական եզրակացություն և ներառվել է խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում։

ՀՀ կառավարությունն արդեն իսկ հուլիսի 31-ին որոշում է ընդունել ներելու մոտ 1 մլրդ 342.2 մլն դրամի պարտավորություն՝ կուտակված տաքսիստների նկատմամբ։