AM
25 Սեպտեմբեր 2025 - 10:24 AMT

ՄԱԳԱՏԷ-ի փոխտնօրեն. ՀՀ-ում տրամաբանական կլիներ ռուսական նախագծով էներգաբլոկի կառուցումը

ՄԱԳԱՏԷ–ի փոխտնօրեն, գործակալության միջուկային էներգիայի վարչության պետ Միխայիլ Չուդակովն ասել է, որ ՀՀ-ում տրամաբանական կլիներ ռուսական մոդելի նոր էներգաբլոկի կառուցումը։ Այդ մասին նա ասել է Մոսկվայում մեկնարկած World Atomic Week համաժողովի շրջանակում։

«Հայաստանին ատոմակայան է անհրաժեշտ, և ամենատրամաբանականը կլիներ գոյություն ունեցողի փոխարեն ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցելը։ Սա լրիվ տրամաբանական է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տրամաբանությունը միշտ չէ, որ աշխատում է, և քաղաքական որոշումներն են գերակշռում», – ասել է Չուդակովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Որպես օրինակ նա բերել է Արևելյան Եվրոպայում ստեղծված վիճակը, որտեղ տեղադրվում են չփորձարկված էներգաբլոկեր։

«Տեղադրվում են բացարձակ չփորձարկված էներգաբլոկեր, թղթի վրա նկարած, ոչ ռեֆերենտ։ Դրանք չունեն պիլոտային նախագծեր։ Սակայն գնվում են՝ միայն թե ռուսական նախագիծը չվերցնեն, որը փորձարկված է, հուսալի, լավ է իրեն դրսևորում և լավ աշխատում», – ասել է Չուդակովը։

ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2036 թ․ նախատեսվում է կառուցել նոր ատոմային էներգաբլոկ, որը կփոխարինի գործող կայանի հզորությունները։ Հայտարարվել է, որ քննարկվում են տարբեր երկրների առաջարկներ։ ՀԱԷԿ–ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ մեկ երրորդը։

Օգոստոսին ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրերից մեկը ներառում է էներգետիկ համագործակցություն՝ նոր սերնդի միջուկային տեխնոլոգիաների ներդրման և էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերում ներդրումների ուղղությամբ։