AM
25 Սեպտեմբեր 2025 - 10:33 AMT

3.2 մլրդ դրամ կհատկացվի թոշակառուներին հետվճարի համար

Կենսաթոշակառուներին ու նպաստառուներին անկանխիկ գնումների դիմաց հետվճար տրամադրելու ծրագիրն առաջիկա ամիսներին շարունակվելու է։ Այդ նպատակով բյուջեից կհատկացվի 3.2 մլրդ դրամ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ասել է, որ այս պահի կարգավորումների համաձայն՝ հետվճարով վերադարձվում է գործարքների 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը և հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը:

Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 մլրդ 432 մլն դրամ:

Թորոսյանն ասել է, որ հետո ճշտվել է 13 մլրդ 152 մլն դրամ, սակայն միտումները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 մլրդ 371 մլն դրամ:

«Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է: Արդեն ունենք մոտ 350 հազար շահառու, որոնք օգտվում են այս ծրագրից, և ունենք ամսական մոտավորապես 2-3 տոկոս աճ»,- ասել է նախարարը:

Ծրագրի նախկին կարգավորմամբ թոշակառուներին և նպաստառուներին զրկեցին կոմունալ վճարներ կատարելու դեպքում հետվճարներ ստանալու իրավունքից։