Կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ՝ 5.4 տոկոս տնտեսական աճի և 3 տոկոս ՀՆԱ-ի դեֆլատորի պարագայում։
Նրա խոսքով, կառավարական պարտքի և ՀՆԱ հարաբերակցությունը 2026 թվականի ավարտին կանխատեսվում է 53.5 տոկոս, հայտնում է Panorama.am-ը։
Օրենքով սահմանված առավելագույն շեմը կազմում է 60 տոկոս։
«Բյուջեի նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 933 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.4 %, ՀՆԱ-ի դեֆլատորը 3%։ Պետական բյուջեի եկամուտները 3.9 տրիլին դրամ, որից հարկային եկամուտները՝ 2.9 տրիլիոն»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ նախատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ՝ սպասվողի համեմատ 0.4 տոկոսային կետով։ Միևնույն ժամանակ, 2024-ի նկատմամբ այդ աճը գնահատվել է 1 տոկոսային կետ։
«Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3.6 տրիլիոն դրամ, որից 704 մլրդ դրամը կապիտալ ծախսերի գծով»,- ասել է Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ բյուջեի պակասուրդը նախատեսվում է 538 միլիարդ դրամ՝ համախառն ներքին արդյունքի 4.5 տոկոսը։ Այս ցուցանիշը նվազել է նախորդ տարվա՝ 2025-ի 5.5 տոկոսից։
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:






