AM
25 Սեպտեմբեր 2025 - 11:18 AMT

Կառավարությունն ընդունել է 2026 թ. բյուջեի նախագիծը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 %:

Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 2026 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: Հաստատված բյուջեն ներառում է առողջապահական ապահովագրության գործարկում։

«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0.4 տոկոսային կետով»,- ասել է նախարարը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վահե Հովհաննիսյանի նշել է, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 2026 թվականին կկազմի 5.9%:

Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4.5%-ը 2025 թվականի 5.5% դիմաց:

ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: