AM
25 Սեպտեմբեր 2025 - 11:42 AMT

Կառավարությունը 150 մլն եվրո վարկ է վերցրել 2025-ի բյուջեի դեֆիցիտը փակելու համար

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ներգրավված վարկային միջոցներն ուղղվելու են 2025 թվականի պետական բյուջեով սահմանված 538 միլիարդ դրամ դեֆիցիտի ֆինանսավորմանը, հայտնում է Panorama.am-ը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է․ «Նախագծով Ֆինանսների նախարարին լիազորություն է տրվում ստորագրել համաձայնագիրը, որը Հայաստանում ֆինանսական ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանն է ուղղված, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը՝ բյուջետային աջակցության ծրագիրն իրականացնելու նպատակով»։

Նրա ներկայացմամբ՝ սա 2019 թվականից իրականացվող բյուջետային բազմամյա ծրագրի երրորդ փուլն է և նախատեսում է 150 միլիոն եվրոյի վարկային միջոցների ներգրավում։

«Այն ունի երկու հիմնական նպատակ՝ ամրապնդել տնտեսական և ֆինանսական կառավարումը՝ բարելավելով ֆինանսական կառավարման արդյունավետությունը և ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը»,- հայտնել է ֆինանսների նախարարը։

Նրա խոսքով՝ վարկի շրջանակում կառավարությունը կընդունի կանաչ և կայուն տնտեսության զարգացման ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կմշակի շրջանաձև տնտեսության նախադրյալների հայեցակարգը։

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: