AM
25 Սեպտեմբեր 2025 - 12:12 AMT

Ռադիոֆիզիկայի ինստիտուտը կվերակազմակերպվի՝ միանալով «Հայփոստին»

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ–ն կվերակազմակերպվի՝ միանալով «Հայփոստ» ՓԲԸ–ին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հաշվի առնելով «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրոյի» և «Հայփոստի» գործունեության նպատակներն ու խնդիրները՝ ընկերությունների միացումը թույլ կտա ապահովել վերջիններիս ռեսուրսների (նյութական, գիտական և աշխատանքային) արդյունավետության բարձրացումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Ընկերությունների միացման արդյունքում նախատեսվում է կառուցել նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոն:

Ծրագրի իրագործման դեպքում 2025–2030 թվականների ընթացքում սպասվում է, որ «Հայփոստի» փոստային եկամուտները կաճեն 39.3 տոկոսով կամ մոտ 2.5 միլիարդ դրամով։ Նույն ժամանակահատվածում համախառն շահույթը՝ EBITDA-ն, կավելանա 28.96 տոկոսով կամ 1.5 միլիարդ դրամով։

Բացի եկամուտների աճից, ծրագրի շրջանակում կանխատեսվում է նաև ծախսերի էական կրճատում․ աշխատավարձային և կոմունալ ծախսերը նվազելու են՝ կազմելով 304.7 միլիոն դրամ։

Նախատեսվող կենտրոնում կտեղադրվեն նորարարական ավտոմատացված տեսակավորման համակարգեր, ինչը, ըստ պատասխանատուների, էապես կբարելավի հաճախորդների սպասարկման որակը և «Հայփոստի» ծառայությունների արդյունավետությունը։