Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին։
Նախագծերի ընդունումը միտված է պետական սահմանի ցամաքային անցման կետերում առաջացող հերթերի և կուտակումների նվազեցմանը, որոնք պայմանավորված են ավտոտրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի անհապաղ գանձման պահանջով։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է հետաձգել նշված հարկերի և տուրքի վճարման ժամկետը՝ այն սահմանելով ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ։ Եթե այդ ժամկետում ավտոտրանսպորտային միջոցը դուրս է գալիս ՀՀ տարածքից, ապա վճարումը պետք է իրականացվի մինչև ելքը։
Հարկերի վճարումը հստակեցնելու նպատակով առաջարկվում է, որ ավտոմեքենայի ՀՀ-ից ելքի ժամանակ, եթե բնապահպանական հարկը ամբողջությամբ չի վճարվել, մաքսային մարմինները գանձեն պակաս վճարված գումարը, ինչպես նաև ուշացման համար հաշվարկված տույժերը։
Օրինագծերով սահմանվում է նաև արտոնություն՝ այն դեպքերի համար, երբ ՀՀ-ում չհաշվառված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ելքը ժամանակավորապես դառնում է անհնար՝ ճանապարհի անանցանելիության պատճառով։ Այդ դեպքում ճանապարհային հարկ վճարողը կարող է ազատվել համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկվող հարկից։
Այս արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ կլինի լիազոր մարմնի կողմից տրված հաստատող տեղեկանք, որը կհավաստի՝ ելքը եղել է օբյեկտիվորեն անհնարին։






