AM
25 Սեպտեմբեր 2025 - 13:25 AMT

Evocabank-ը ներգրավել է $5.5 մլն ստորադաս փոխառություն responsAbility-ից

Evocabank-ը ներգրավել է 5,500,000 ԱՄՆ դոլար ստորադաս փոխառություն responsAbility-ից, ինչը, ուղղվելով Բանկի կապիտալի բուֆերների ավելացմանը, զգալիորեն կընդլայնի Բանկի կողմից ՓՄՁ հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` այդպիսով նպաստելով բիզնես միջավայրի աշխուժացմանն ու տնտեսական առաջընթացին:

Ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է․ «Այս համագործակցությունը կարևոր քայլ է Evocabank-ի համար՝ նպաստելու կանանց ձեռնարկատիրության զարգացմանը և բիզնեսի նոր հնարավորությունների ընլայնմանը։ Մենք վստահ ենք, որ կանանց ղեկավարած ձեռնարկությունների աջակցությունը կնպաստի Հայաստանի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և գործարար միջավայրի զարգացմանը»։

responsAbility-ի ևEvocabank-ի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2023 թվականին և ներառել մի քանի նախագծեր (2023թ.-ին Բանկը ներգրավել է 7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2024թ.-ին՝ 9 մլն ԱՄՆ դոլար), որոնց արդյունքում Բանկը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացման գործում։ Սակայն սա Բանկի առաջին համագործակցությունն է միջազգային ֆինանսական կառույցներից ստորադաս փոխառության ներգրավման ուղղությամբ:

responsAbility Investments-ը առաջատար շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ Այն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals – SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով՝ ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։ Ներկայում responsAbility-ն կառավարում է մոտ 5.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ՝ համագործակցելով շուրջ 300 առաջատար պորտֆելային ընկերությունների հետ ամբողջ աշխարհում։