AM
25 Սեպտեմբեր 2025 - 14:33 AMT

Պետրոսյան․ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյան 8 տարում ստացել է մոտ 400 մլն դրամ աշխատավարձ

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյան 8 տարում ստացել է մոտ 400 մլն դրամ աշխատավարձ։

Նա հավելել է, որ աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակի ազդել են էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

«ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահի տեղակալը (ներկայում՝ նախագահի պաշտոնակատար) 2017-ից մինչև 2024 թվականը ներառյալ, ընկերությունից ստացել է ընդհանուր առմամբ 396 մլն 198 հազար 663 ՀՀ դրամ աշխատավարձ՝ ներառյալ հարկերը։

Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46,537,500․00 ՀՀ դրամից մինչև 53,362,488․00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին և որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենց_ձևով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը արձագանքել էր ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ վերջին օրերի հայտարարություններին, որոնք վերաբերում են ՀԷՑ-ի ղեկավարության վարձատրությանը։ Նա նշել է, որ 9 ամսում, ինչ նշանակվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, հրաժարվել է աշխատավարձից և ոչ մի կոպեկ չի ստացել։