AM
25 Սեպտեմբեր 2025 - 14:57 AMT

Հոկտեմբերին կշարունակվեն եկամուտների տարեկան հայտարարագրման իրազեկման հանդիպումները

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման հանրային իրազեկման կարևորությունը և քաղաքացիների հետաքրքրվածության լայն շրջանակը, շարունակում է հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները նաև հոկտեմբերին։

Իրազեկման հանդիպումներն անցկացվում են Երևանում, որոնց ընթացքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցները ֆիզիկական անձանց ծանոթացնում են եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման գործողություններին և լրացման քայլերի հաջորդականությանը։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում, քաղաքացիներն ունեն իրազեկմանը զուգահեռ հայտարարագիրը տեղում լրացնելու հնարավորություն։ Հանդիպումներն անցկացվում են համացանցին միացված համակարգիչներով առկա դահլիճում։

Ովքե՞ր կարող են մասնակցել

Իրազեկման այս հանդիպումներին կարող են մասնակցել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր պարտավոր են ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիր և ցանկանում են լրացնել այն անմիջապես հանդիպման ընթացքում։

Ե՞րբ և որտե՞ղ են անցկացվում հանդիպումները

Հոկտեմբեր ամսվա հանդիպումները կկայանան հետևյալ օրերին՝ 1-ին, 3-ին, 8-ին, 10-ին, 15-ին, 17-ին, 22-ին, 24-ին, 29-ին և 31-ին։

Սկիզբը՝ ժամը 16։00-ին։ Հասցեն՝ Երևան, Կոմիտասի պողոտա 35։

Ինչպե՞ս գրանցվել մասնակցության համար

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես ուղարկել տվյալները՝ անուն, ազգանուն, ՀԾՀ, հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected] էլեկտրոնային փոստին։

Միաժամանակ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ քաղաքացիների իրազեկվածության բարձրացման նպատակով նմանատիպ միջոցառումներ կշարունակվեն ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում՝ ուղղված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների աշխատակիցներին։

ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։