AM
26 Սեպտեմբեր 2025 - 07:02 AMT

Փաշինյան․ ՀԱԷԿ-ի շահագործումը կշարունակվի մինչև 2036թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ :Հայաստանը որոշում է ընդունել՝ երկարացնել ԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը՝ նպատակ ունենալով ապահովել անցում դեպի նոր էներգաբլոկ։

«Հայաստանի Կառավարությունը հաստատել է ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը: Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է Հայկական ատոմակայանի կողմից:

Հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ Հայաստանի, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների միջև արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք։ Այս երկարաձգումն ամուր հիմք կստեղծի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ավարտից հետո նոր էներգաբլոկի շահագործմանը սահուն անցում կատարելու համար, ինչը մեր վերջնական նպատակն է»,–ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ այս համատեքստում Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ–ի և այլ գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար:

«Միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունը հատուկ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկա և ապագա սերունդների առջև։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Մենք պարբերաբար անցկացնում ենք տեսչական և փորձագիտական գնահատման առաքելություններ, որոնց զեկույցները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը շահագործում է ԱԷԿ-ը ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչի մասին է վկայում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպի բացակայությունը։

Հենց այս սկզբունքն է կիրառվել վերջին տարիներին ատոմակայանում իրականացված լայնածավալ արդիականացման ժամանակ, ինչի շնորհիվ մեզ հաջողվել է երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը»,–ասել է վարչապետը։

Փաշինյանը Մոսկվայում մասնակցում «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։ Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ»,–ասել է Փաշինյանը։