«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտացված ստորաբաժանումը 2025 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների արդյունքում մի շարք մասնաճյուղերում բացահայտումներ է արել, որոնք պարունակել են հանրային վտանգ ներկայացնող արարքների տարրեր։ Այս դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։
Ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ «Գեղամա» մասնաճյուղի «Սևան» էլ. ցանցի սպասարկման գոտում, առևտրային հաշվիչների վերաբերյալ ընկերության բազայում առկա տվյալների հիման վրա հայտնաբերվել են 130 հաշվիչների դեպքում ընդհանուր 22.850 կՎտ.ժ-ի չափով հավելագրված ծախսեր։ Օգոստոսի 29-ին արձանագրված այս խախտման մասին տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնում է Արմենպրեսը։
«2025թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
«ՀԷՑ»-ի այլ մասնաճյուղերում ևս արձանագրվել են խախտումներ։ Մասնավորապես՝ «Գեղամա» մասնաճյուղի «Մարտունի», «Արաքս» մասնաճյուղի «Արարատ», «Մասիս», «Արտաշատ», ինչպես նաև «Ղարս» մասնաճյուղի «Գյումրի», «Արթիկ» և «Անի» էլ. ցանցերում արձանագրվել են 84.297 կՎտ.ժ-ի չափով հավելագրումներ և 11.160 կՎտ.ժ արևային էներգիայի թերգրանցումներ։ Օգոստոսի 29-ին հայտնաբերված խախտումների վերաբերյալ ևս հաղորդում է ներկայացվել դատախազություն։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Բացի այդ, «Մասիս» էլ. ցանցում իրականացված մեկ այլ ստուգման արդյունքում պարզվել է, որ աշխատակիցները չեն կատարել օրենքով սահմանված կարգով մեկ տնտեսավարողի կողմից ներկայացված պահանջը՝ դադարեցնելու մյուս տնտեսվարողի էլեկտրամատակարարումը, որի հետևանքով կուտակվել է 15.406.120 ՀՀ դրամի պարտք։
Նույն էլ. ցանցի ստուգումների արդյունքում պարզվել է նաև, որ 7 հաշվիչների վրա ցուցմունքները չեն արձանագրվել, իսկ 2 հաշվիչի դեպքում ACBs բազայում գրանցվել են սխալ տվյալներ։ Բացի այդ, 4 հաշվիչների տվյալների վերծանումից հետո հայտնաբերվել են 7934 կՎտ.ժ հավելագրված ծախսեր։ Սեպտեմբերի 12-ին այս խախտումների վերաբերյալ հաղորդումը փոխանցվել է դատախազություն։
«Դեբեդ» մասնաճյուղում արձանագրվել են և՛ հավելագրումների, և՛ թերգրանցումների դեպքեր։ Մասնավորապես, 15 այրված կամ վնասված հաշվիչների ուսումնասիրությամբ հայտնաբերվել են 180 կՎտ.ժ թերգրանցված և 19,722 կՎտ.ժ հավելագրված ծախսեր։
Բացի դրանից, պարզվել է, որ մասնաճյուղի տրանսպորտային միջոցների վերանորոգման և սպասարկման նպատակով հունիս-հուլիս ամիսներին կուտակվել է մոտ 13,500,000 ՀՀ դրամի պարտք, որի մեծ մասը պայմանավորված է եղել ընկերությանը պատկանող տեխնիկայի օգտագործմամբ՝ կապալառու կազմակերպությունների կարիքների համար։ Այս խախտման վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն սեպտեմբերի 18-ին։
«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Գեղամա» մասնաճյուղում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2024թ.-ի դեկտեմբերից 2025թ.-ի օգոստոս ամիսների ընթացքում Ընկերությանը պատկանող հորատող մեքենա-մեխանիզմները հիմնականում ծառայեցվել են մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կապալառու կազմակերպությունների կարիքների համար, ինչի արդյունքում դրանց սպասարկման և վերանորոգման համար գոյացել է 10,530,000 ՀՀ դրամի ծախս, այնինչ կատարված վերլուծությամբ՝ արդյունավետ կառավարման արդյունքում նշված աշխատանքները հնարավոր կլիներ կատարել 180,000-240,000 ՀՀ դրամի սահմաններում: Սեպտեմբերի 19-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Աղստև» մասնաճյուղում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ընկերության բազմաթիվ աշխատողներ, իրենց լիազորությունները կատարելու փոխարեն, Ընկերությունում սահմանված աշխատաժամանակի հաշվին աշխատանքներ են իրականացրել մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կապալառու կազմակերպությունների կարիքների համար, սակայն վարձատրվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում Ընկերությունը կրել է նյութական վնաս: Սեպտեմբերի 25-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:






