AM
26 Սեպտեմբեր 2025 - 08:20 AMT

Մատենադարանը և Թուրքիո Հայոց պատրիարքությունը կգործակցեն ձեռագրական ժառանգության ուսումնասիրության ոլորտում

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունն այս տարվա սեպտեմբերի 25-ին այցելել է Թուրքիո Հայոց պատրիարքություն։ Պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր ավագ քահանա Տամատեանը։

Այցի ընթացքում կողմերը քննարկել են Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների իրականացման ծրագրերը։ Դրանց առանցքում եղել են Պատրիարքության ձեռագրական ժառանգության խորացված գիտական վերլուծությունը և դրանց հրատարակությունը, ինչպես նաև մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը և վերականգնման աշխատանքները։

Խզմալյանը հայտնել է իր պատրաստակամությունը նախաձեռնելու Պատրիարքության ներկայացուցչի վերապատրաստման գործընթացը Մատենադարանում։ Այդ գործընթացը կանցկացվի հոկտեմբերի 14-25-ը նախատեսված «Հիշողության կերպարանքները» գիտագործնական սեմինարի շրջանակում։

Նույն աղբյուրը փոխանցել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Մատենադարանի ավագ ֆոնդապահի և ասպիրանտի այցը Պատրիարքություն՝ ձեռագրերի ուսումնասիրական աշխատանքներ իրականացնելու նպատակով։