Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Ձեռնարկության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ դեսպանին ներկայացվել են արտադրական գործընթացների տեխնոլոգիական վերազինման լայնածավալ նախագծերը։
Ներկայացվել են նաև աշխատակիցների սոցիալական ապահովությանն ուղղված խոշոր նախաձեռնությունները, ինչպես նաև մասնագիտական կադրերի վերապատրաստման համակարգի զարգացման միտումները, հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
Հանդիպմանը ներկա են եղել նաևՀայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և «Արտահանման ռուսաստանյան կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչներ։ Նրանք դեսպանին ներկայացրել են ռուսական առաջատար տեխնոլոգիաների կիրառման և արդիական լուծումների ներգրավման հնարավորությունները՝ արտադրության օպտիմալացման ուղղությամբ։
Կոպիրկինը հանդիպել է նաև Սյունիքի այն գործարարների հետ, ովքեր համագործակցում են Ռուսաստանի գործընկերների հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջտարածաշրջանային համագործակցության մեխանիզմներին և գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնման հնարավորություններին։
Դեսպանը այցելել էր նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը` Ալեքսանդր Բելյաևը, պատվիրակությանը ծանոթացրել է կոմբինատի աշխատանքին:
Կոպիրկինը հանդիպել է նաև ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի 127-րդ ջոկատի ղեկավարության հետ, անդրադարձել հայ-իրանական սահմանի պահպանության խնդիրներին։






