AM
26 Սեպտեմբեր 2025 - 09:44 AMT

Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես «Հիշատակի և խոնարհումի օր»

Նախագիծ է ներկայացվել՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր ժամանակների ռազմական զոհերին։

Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություն կներկայացվի, որով առաջարկվում է հունվարի 27-ը ճանաչել որպես հիշատակի օր՝ նվիրված հայրենիքի համար զոհված բոլոր զինվորականների։

Նման առաջարկի հեղինակներն են Հ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռուբինյանը։

«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»:

Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:

Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,–ասվում է գրառման մեջ։