AM
26 Սեպտեմբեր 2025 - 09:46 AMT

Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Սեպտեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ Հայաստանի և Վրաստանի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Հյուգո Դըբրուազի հետ։

Հանդիպման առանցքային նպատակը եղել է հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունների քննարկումը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև վերջերս Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Mistral AI» ընկերության միջև կնքված համաձայնագրի դրույթներին։ Այս համատեքստում շեշտվել է Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծման, ԱԲ հիմքով բիզնես լուծումների խթանման և ֆրանսիական մասնավոր հատվածի հետ հաստատված կապերի ամրապնդման կարևորությունը։

Նման նախաձեռնությունները միտված են Հայաստանում ԱԲ ոլորտի զարգացմանը՝ օգտագործելով ֆրանսիական փորձը և հնարավոր ներդրումները։

Քննարկման շրջանակում ուշադրության կենտրոնում են եղել նաև ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունները Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում, համատեղ ինժեներական նախագծերի իրագործումը, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում փոխգործակցության ձևաչափերը։