ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասում, որը գտնվում է Արմավիրի մարզի Այգեկ գյուղում։
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ստուգման արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ խախտումներ, որոնք չեն համապատասխանել սահմանված նորմերին։
Մասնավորապես՝
- արտադրամասի նախագծման, կառուցվածքի ու ներքին դասավորվածության շնորհիվ հնարավոր չի եղել ապահովել մաքուր և աղտոտված գույքի, ինչպես նաև հումքի ու պատրաստի սննդամթերքի հոսքերի տարանջատումը,
- բացակայել են բավարար օդափոխության միջոցներ՝ թե՛ բնական, թե՛ մեխանիկական,
- շինության սանհանգույցի դուռը բացվել է ուղղակիորեն արտադրական տարածք,
- ձեռքեր լվանալու համար անհրաժեշտ լվացարաններ տեղադրված չեն եղել,
- ենթամթերքի նախապատրաստման գործընթացը չի իրականացվել առանձին տարածքներում,
- կիրառվող սարքավորումները և գույքը տեխնիկապես չեն հնարավորություն տվել լիարժեք մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարել,
- ինչպես նաև մի շարք սարքավորումներ, պարագաներ և տարաներ չեն եղել մաքուր, նորոգ վիճակում և չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։
ՍԱՏՄ-ն որոշում է կայացրել կասեցնել թռչնամսի վերամշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը մինչև վերոնշյալ խախտումները վերացվեն։






