Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) վերահսկողություններ է սկսել հանրապետության իրացման ցանցում՝ ստուգելու «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի փոխարինիչի» և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ի դարակաշարերով տարանջատման կատարումը, հայտնում է ՍԱՏՄ–ն։
Երևանի խոշոր սուպերմարկետներում անցկացվող ստուգումներին հետևել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը և Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը։
Ընդհանուր առմամբ դիտարկվել է 28 տեսակի արտադրանք՝ 23 տնտեսավարողի իրացման կետերում։
Իրականացվել են հսկիչ գնումներ և նմուշառում՝ ինչպես «կանաչ» դարակաշարերում տեղադրված ապրանքներից՝ կաթնայուղի փոխարինիչի առկայության գնահատմամբ, այնպես էլ «նարնջագույն» դարակաշարերում՝ կաթնայուղի զանգվածային մասի չափման նպատակով։ Նմուշները հանձնվել են փորձաքննության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Հայտնաբերված խախտումները բաշխվել են հետևյալ կերպ․
ԿԱՆԱՉ ԴԱՐԱԿԱՇԱՐ
1․ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ – «Ամասիայի» Լոռի պանիր
2․ «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ – «Աշոցք» Լոռի պանիր
3․ «Արաքս-2» Ա/Կ – «Վարդենիս» ոչխարի պանիր
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԴԱՐԱԿԱՇԱՐ
1․ «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ – «Cheese on» պանրային արտադրանք
2․ «Միլք մուդ» ՍՊԸ – հալած պանիր մթերք
3․ «Վայթ ֆուդ» ՍՊԸ – «Չանախ» պանրային արտադրանք
4․ «Մովա» ՍՊԸ – Չանախ պանրային արտադրանք
5․ «Արա-Արեգ» ՍՊԸ – «Սևան կաթ» Լոռի պանրային արտադրանք
6․ «Խաք» ՍՊԸ – «Արարատյան» թթվասերային մթերք
7․ «Արզնի կաթ» ՍՊԸ – «Արզնի» թթվասերային մթերք
8․ «Էջմիածին կաթ» ՍՊԸ – «Էջմիածին կաթ» թթվասերային մթերք
9․ «Բիալկա» ՍՊԸ – «Սևանա կաթ» Չանախ պանրային մթերք
Մյուս ապրանքանիշերի «Կաթնամթերք»-ի և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ։
ՍԱՏՄ-ի կողմից իրականացվող վերահսկողությունները շարունակական են լինելու։
Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների 2025 թվականի ապրիլի 27-ից«Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի փոխարինիչ»-ը (կանաչ) և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ը (նարնջագույն) պետք է տեղադրվեն առանձնացված սպառողական դարակաշարերում:
Դարակաշարերը պետք է ունենան, համապատասխանաբար, «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի փոխարինիչ» և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք» նշումները՝ ընթեռնելի և տեսանելի վայրում փակցված»,- ասված է հաղորդագրությունում։






