AM
29 Սեպտեմբեր 2025 - 09:44 AMT

ՆԳՆ խոսնակ․ 2025–ին սպանությունները նվազել են

ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին արձանագրվել է 32 իրական սպանության դեպք, ինչը 2-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նա նաև արձագանքել է շրջանառվող խոսակցություններին, թե անընդհատ լուրեր են լինում այս կամ այն վայրում կրակոցների մասին, և որ երկրում այս առումով ծայրահեղ անկառավարելի վիճակ է, հայտնում է Արմենպրեսը։

«Այդ կրակոցների գերակշիռ մասը կապված է խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթների հետ և հիմնականում վերաբերում է օդաճնշիչ ատրճանակից կրակոցներին կամ օդ կրակելու դեպքերին։ Ներկայացնել, որ երկրում ծայրահեղ անկառավարելի իրավիճակ է, դա անհիմն պնդում է»,-ասել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը 2025 թվականի 8 ամիսներին գրեթե 2 անգամ ավելի շատ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերել, քան 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։