AM
29 Սեպտեմբեր 2025 - 12:26 AMT

Հակոբյան․ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա, հակառակը՝ խորացնում ենք հարաբերությունները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը հորդորել է լրագրողներին ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման չգեներացնել։

«ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա, ընդհակառակը, մենք խորացնում ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ և այսօր քննարկված և քվեարկած նախագիծը դրա մասին է վկայում»,-ասել է Հակոբյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի ուղղությամբ գնալու մասին ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հայտարարություններին, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին մինչ օրս ապահովել է էական արդյունքներ տնտեսության ոլորտում, որոնք անհրաժեշտ է գնահատել ու զարգացնել։

«Մենք մեր ԵԱՏՄ գործունեության շրջանակում տնտեսությունում լուրջ ձեռքբերումներ ունենք և մենք դա գնահատում ենք»,-ասել է նա։

Ռուսաստանյան կողմից հնչող պնդումներին, թե հնարավոր չէ միաժամանակ լինել երկու միության մեջ, պատգամավորը հակադարձել է՝ առաջարկելով հարցը դիտարկել փաստերի տեսանկյունից։

«Ունենք փաստ, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել ենք, ունենք փաստ, որ արվել են հայտարություններ, և ունենք փաստ, որ ԵԱՏՄ անդամ ենք, խնդրում եմ այս դիտանկյունով հարցին նայեք»,–ասել է նա։

Հանձնաժողովի կողմից այսօր հավանության է արժանացել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։