Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը «Ֆորբս» ամսագրի` Հայաստանին նվիրված հատուկ զեկույցում ներառված հարցազրույցում, անդրադարձել է Հայաստանի տնտեսության մեջ Ամերիաբանկի նշանակալի դերակատարությանը` որպես վարկային պորտֆելով խոշորագույն ֆինանսական հաստատությունը Հայաստանում:
Նա նշել է, որ բանկը գիտակցում է իր պատասխանատվությունը միջազգային ներդրողների շրջանում Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանն աջակցելու հարցում։
«Հայաստանը դեռևս բավարար ճանաչում չունի համադրելի երկրների համեմատ, ուստի մենք համաշխարհային ներդրողների լայն ցանցի հետ ակտիվորեն կիսվում ենք տնտեսության և բանկային համակարգի վերաբերյալ տվյալներով։ Հայաստանի ներուժի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ սերտորեն աշխատում ենք ներդրումային բանկերի, ֆոնդերի և ինստիտուցիոնալ կառույցների հետ։

Այս շարունակական ներգրավվածությունը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ երկրի միջազգային իմիջի բարելավումը երկարաժամկետ գործընթաց է։ Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը»,- ասել է նա։
«Ֆորբս» ամսագիրը հրապարակել է Հայաստանի մասին հատուկ զեկույց` ներկայացնելով երկրի տնտեսական ու ներդրումային գրավչությունը: Զեկույցում հեղինակային անդրադարձ է կատարվել Ամերիաբանկին և վերջին տարիներին բիզնեսի տարբեր ուղղություններով բանկի արձանագրած ցուցանիշներին ու ձեռքբերումներին:
Անդրադառնալով Ամերիայի թվային փոխակերպմանը, Թորոյանը նշել է. «Շուրջ մեկ տասնամյակ թվային փոխակերպումը մեր աճի ռազմավարության առանցքում է։ Այժմ գործարքների ավելի քան 99 տոկոսն իրականացվում է մեր մասնաճյուղերից դուրս, իսկ վաճառքների կեսից ավելին՝ առցանց։ Այս փոփոխության շնորհիվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հաշիվ բացել, վարկի հայտ ներկայացնել, ավանդ ձևակերպել կամ իրականացնել անհրաժեշտ գործարքները՝ ցանկացած վայրից` առանց բանկ գալու։
Մենք հավատում ենք՝ պետք է հաճախորդներին առաջարկել մեր ծառայություններն այնտեղ, որտեղ նրանք են, և Հայաստանում ինտերնետի բարձր ծածկույթը դա հնարավոր է դարձնում։ Միայն նախորդ տարվա ընթացքում թվային ենթակառուցվածքներում կատարված հետևողական ներդրումների շնորհիվ մեր գործարքների ծավալն աճել է ավելի քան վեց անգամ։ Մենք արձանագրում ենք թվային ծառայությունների նշանակալի դինամիկա․ վերջին 12 ամիսներին մեր ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է ավելի քան 50 տոկոսով»:
Հայաստանի մասին հատուկ զեկույցը, ինչպես նաև Ամերիաբանկի վերաբերյալ հեղինակային անդրադարձն ու Հովհաննես Թորոյանի հարցազրույցն ամբողջությամբ հասանելի են այստեղ:






