Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը»։
Ըստ համաձայնագրի՝ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի մոտ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար։ Գումարը կուղղվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող օդի որակի մոնիթորինգի կայանների արդիականացմանը և համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը։
Ծրագիրը կնպաստի օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգի շարունակական և համակարգված զարգացմանը, տվյալների որակի վերահսկողության բարձրացմանը, կանխատեսումների հուսալիության ամրապնդմանը և առողջ ու կայուն միջավայրի ձևավորմանը։
Մաթևոսյանը նշել է, որ համագործակցությունը ոչ միայն կբարձրացնի շրջակա միջավայրի պահպանության արդյունավետությունը, այլև կօգնի մեղմել կլիմայի փոփոխության հետևանքները, կաջակցի կայուն քաղաքների զարգացմանն ու հանրային առողջության պահպանությանը։
Նա ընդգծել է, որ պետական ֆինանսավորմամբ արդեն 2024 թվականին ձեռք են բերվել երկու ժամանակակից ռեֆերենս դիտակայան, և Ճապոնիայի այս դրամաշնորհը դառնում է նախարարության իրականացվող բարեփոխումների կարևոր շարունակություն։






