Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026-ի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել վառելիքի ներմուծման տուրքերը։ Տեղեկությունը հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Դա վերաբերում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետություններին և ընդգրկում է նավթամթերքի հիմնական տեսակները՝ բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ և նավային վառելիք և այլ նման ապրանքներ, հայտնում է Sputnik Արմենիան։
ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը նշել է, որ այս քայլը ուղղված է ներքին շուկան հավասարակշռելու նպատակին՝ պայմանավորված սեփական արտադրության ծավալների նվազումով։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 10 օրացուցային օր հետո։ Միևնույն ժամանակ ԵՏՀ հաղորդագրությունում հստակեցված չէ, թե արդյոք արտոնությունը վերաբերում է հեղուկ գազին, որն ակտիվորեն օգտագործվում է Հայաստանում որպես ավտոմոբիլային վառելիք։ Հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
2024 թվականին Հայաստան ներմուծված նավթամթերքի ծավալը կազմել է մոտ 470 մլն դոլար՝ 7%–ով պակաս 2023-ի ցուցանիշից։ Ներմուծման շուրջ 60%-ը կատարվել է ԵԱՏՄ երկրներից, հիմնականում՝ Ռուսաստանից։






