AM
30 Սեպտեմբեր 2025 - 12:49 AMT

Նախագիծ․ Ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության հաշվարկը կհամապատասխանեցվի միջազգային փորձին

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի ջրային օրենսգրքում և «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը՝ առաջին ընթերցմամբ ընդունելու հարցով։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ նախագծերը նախատեսում են մի շարք կարևոր կարգավորումներ՝ ուղղված ջրային ոլորտում առկա խնդիրների լուծմանը։ Դրանք առնչվում են ազատ ջրօգտագործման սահմանմանը, ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգմանը, ՇՄԱԳ փորձաքննության եզրակացության հիման վրա թույլտվությունների տրամադրմանը կամ մերժմանը, արտեզյան ավազանի ջրերի արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության հաշվարկը միջազգային փորձին համապատասխանեցնելու և մի շարք այլ խնդիրների լուծման հետ, հայտնում է 1lurer.am-ը։

Նրա խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարարությունը նաև ուսումնասիրել է հեղեղների ռիսկերի կառավարման և կանխարգելման խնդիրները։

«Արձանագրել ենք, որ նման աղետների ընթացքում հրատապ փրկարարական և վերականգնողական միջոցառումներ անցկացնելուն խոչընդոտ է հանդիսանում որոշ աշխատանքների իրականացման համար ջրօգտագործման թույլտվության պահանջը»,– ընդգծել է Մկրտչյանը՝ հիշեցնելով 2024-ին Աղստև և Դեբեդ գետերի հեղեղումների դեպքերը։

Այս խնդիրը լուծելու նպատակով նախագծով սահմանվել է, որ հակահեղեղային միջոցառումները համարվելու են ազատ ջրօգտագործում և դրանց իրականացման համար առանձին թույլտվություն չի պահանջվի։

Փաթեթում ներառված մյուս փոփոխությունները վերաբերում են ՀԷԿ-երի լիցենզիայի ժամկետի երկարաձգմանը, ինչպես նաև կարմիրգրքային և էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետերից ջրօգտագործման հայտերի քննարկման կարգին։

Բացի այդ, հստակեցվել է Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը և դրա բաշխման սկզբունքները՝ ըստ անհրաժեշտությունների։