AM
30 Սեպտեմբեր 2025 - 13:41 AMT

«Վեոլիա Ջուրը» տուգանվել է 20 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 20 մլն դրամի տուգանք է սահմանել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նկատմամբ՝ ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։ Որոշումն ընդունվել է հանձնաժողովի սեպտեմբերի 30-ին կայացած նիստում։

Առաջին խախտման դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չի պահպանվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների (կանոններ) 136-րդ կետը, այն է՝ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված 2025 թվականի Սարալանջ գյուղի ջրամատակարարման գրաֆիկի խախտումը։

Երկրորդի դեպքում ընկերությունը հանձնաժողովի թվով 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետների խախտմամբ, այդպիսով խախտվել է կանոնների 164-րդ կետը։

Հաշվի առնելով վարչական վարույթի շրջանակում հաստատված իրավախախտումները՝ ՀԾԿՀ-ն յուրաքանչյուր խախտման համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տուգանել է տասը միլիոն դրամ գումարի չափով։

Վերջին տարիներին քաղաքացիները պարբերաբար դժգոհում են «Վեոլիա Ջրի» մատուցած ծառայությունների որակից, այդ թվում՝ հաճախակի ջրանջատումներից և ջրի որակից։

Երևանի ջրամատակարարման և կոյուղու համակարգը սպասարկվում է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից, որը գործում է վարձակալական պայմանագրով։ Ընկերությունը պատասխանատու է միայն ընթացիկ սպասարկման համար, մինչդեռ ցանցերի հիմնանորոգման պարտավորությունը մնում է պետությանը, քանի որ սակագները չեն ապահովում այդ ծախսերի ծածկումը։