Հոկտեմբերի 1-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Տարեցների միջազգային օրը՝ հանրության իրազեկվածությունն ավելացնելու նպատակով՝ ծերացող բնակչության խնդիրների ու հնարավորությունների վերաբերյալ և աջակցելու տարեց մարդկանց առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ ընդգրկելով ընտանիքները, համայնքներն ու շահագրգիռ կառույցները։
Հայաստանում վիճակագրական կոմիտեի 2024 թվականի տվյալներով՝ յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով 60-64 տարեկան անձանց թիվը կազմել է 225.8, 65-69 տարեկանների՝ 200.7, 70-74 տարեկանների՝ 140.8, 75-79 տարեկանների՝ 70.0, իսկ 80-ից բարձր տարիք ունեցողների՝ 89.5։
ՄԱԿ-ի սահմանած ծերացման սանդղակի համաձայն՝ այն պետությունները, որոնց բնակչության ավելի քան 7%-ը կազմում է 65 և բարձր տարիքի անձինք, համարվում են ծերացող երկրներ։ Հայաստանում այս ցուցանիշը կազմել է մոտ 10.5%, ինչի արդյունքում հանրապետությունը դասվում է ծերացող երկրների շարքին, հայտնում է ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։
2025 թվականի կարգախոսն է՝ «Տարեցները խթանում են գործողությունները տեղական և գլոբալ մակարդակներում. մեր ձգտումները, մեր բարեկեցությունը և մեր իրավունքները»։
Այս թեման ընդգծում է տարեց անձանց կարևոր դերը արդար և կենսունակ հասարակություն կառուցելու գործում։ Նրանք միայն սպառողներ չեն, այլ նաև ակտիվ մասնակիցներ են՝ իրենց փորձով ու գիտելիքներով նպաստելով այնպիսի ոլորտների առաջընթացին, ինչպիսիք են առողջության հավասար հասանելիությունը, ֆինանսական կայունությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։
2002 թվականին ընդունված Քաղաքական հռչակագիրն ու «Ծերացման դեմ պայքարի Մադրիդյան միջազգային գործողությունների ծրագիրը» շարունակում են համարվել ծերացման հարցերով գլոբալ քաղաքականության առանցքը՝ կոչ անելով հասարակության՝ բոլոր տարիքի մարդկանց համար բարենպաստ պայմաններ ստեղծել՝ հիմնված զարգացում, առողջություն և աջակցող միջավայր ապահովող մոտեցումների վրա։ 2025-ի թեման ուղղակիորեն արտացոլում է այս գաղափարները՝ ընդգծելով տարեցների դերը տեղային և համաշխարհային զարգացումներում։
Ծերացումը բնական գործընթաց է, սակայն այն միշտ չէ, որ ուղեկցվում է առողջ և ինքնուրույն կյանքով։ Ժամանակակից աշխարհում, որտեղ հաջողվել է նվազեցնել վարակիչ հիվանդությունների տարածումը, բարելավել առողջապահական պայմաններն ու կեցության մակարդակը, նկատվել է կյանքի տևողության աճի կայուն միտում։
ՄԱԿ-ի վերջին հաշվարկներով՝ 60 և բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը 1995 թվականի 541 միլիոնից 2025-ին հասել է 1.2 միլիարդի։ Նախատեսվում է, որ 2050-ին այդ թիվը կաճի մինչև 2.1 միլիարդ։ Բացի այդ, 2080-ին 65 և բարձր տարիք ունեցող մարդկանց քանակը աշխարհում կգերազանցի 18-ից ցածր տարիքի երեխաների թվին։ 2021-ից 2050-ի ընթացքում ակնկալվում է, որ տարեցների մասնաբաժինը կբարձրանա 10%-ից մինչև 17%։
Բացի այդ, ըստ կանխատեսումների, մինչև 2050 թվականը 65 տարեկանից բարձր բնակչությունը աշխարհում կրկնակի կգերազանցի 5 տարեկանից փոքր երեխաների թվին և գրեթե կհամապատասխանի 12 տարեկանից փոքր երեխաների թվին։ Կանայք, որպես կանոն, ավելի երկար են ապրում, ինչի պատճառով գրեթե բոլոր երկրներում նրանք մեծ թվով գերակշռում են տղամարդկանց, և այս միտումը կշարունակի պահպանվել նաև ապագայում։
Միջազգային մակարդակով, կյանքի տևողությունը 2025-ին հասել է 73.5 տարվա, ինչը 8.6 տարով ավելի է, քան 1995-ին։ 80 և բարձր տարիք ունեցողների թիվն արագ աճ է գրանցել, ու արդեն 2030-ականների կեսերին այն կհասնի 265 միլիոնի՝ գերազանցելով նորածինների քանակը։
Հարավային Ասիայում ամենաարագ ծերացող երկիրը՝ Շրի Լանկան, 2012-ին ունեցել է 60-ից բարձր տարեցների 12.4% մասնաբաժին (2.5 միլիոն մարդ), որը կանխատեսվում է, որ կրկնապատկվի մինչև 2041-ը, երբ բնակչության յուրաքանչյուր չորրորդ քաղաքացու տարիքը կանցնի 60-ը։
Ծերացող բնակչության հետ զուգահեռ ավելանում է առողջապահական ու սոցիալական ծառայությունների անհրաժեշտությունը, հատկապես նրանց համար, ովքեր տառապում են դեմենցիայով՝ տարեցների հաշմանդամության և կախվածության հիմնական պատճառներից։ Այս հանգամանքն ընդգծել է տարեցների մասնագիտացված խնամքի կարիքը՝ առողջապահական համակարգում ընդգրկելով նրանց պահանջները և ապահովելով համարժեք ծառայություններ։






