AM
1 Հոկտեմբեր 2025 - 09:17 AMT

Պապոյան․ ՀՀ քաղաքացին կարող է գնալ և աշխարհը տեսնել, 10 տարի առաջ չէր կարող

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հպարտ քաղաքացին այսօր ունի հնարավորություն գնալու և աշխարհը տեսնելու։

«10 տարի առաջ ՀՀ հպարտ քաղաքացին աշխարհը չէր կարող տեսնել, որովհետև չուներ դրա հնարավորությունը… օրինակ, Հռոմ գնալու համար հարյուրավոր կամ հազար և ավելի դոլար էր պետք։ Պետք էր գնալ-հասնել Մոսկվա կամ Աբու Դաբի, ժամերով սպասել, գումար ծախսել, հետո նորից հարյուրավոր դոլարներ ծախսել և հասնել Հռոմ։ Իսկ հիմա ՀՀ քաղաքացին կարող է ընդամենը մի քանի տասնյակ եվրո ծախսել և հասնել Հռոմ, կյանքը վայելել և վերադառնալ»,–ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Պապոյանն ընդգծել է, որ այս ամենի համար ՀՀ կառավարությունը չի վճարում։

«ՀՀ կառավարությունը սրա համար ստեղծել է հնարավորություն, ազատ շուկայական միջավայր, որի արդյունքում ՀՀ-ում ստեղծվել է ավիաընկերություն, գալիս են միջազգային բրենդներ։ Ցավոք, հիմա հասել ենք մի իրավիճակի, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի հասցնում սպասարկել այդ թռիչքները։ Մեզ պետք են նոր հնարավորություններ»,–ասել է նա։

ՀՀ–ում պաշտոնապես բացվել է «Wizz Air» ավիաընկերության բազան։