«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կաթնամթերքի գները բարձրացել են՝ պարտադիր դրոշմավորման հետևանքով։
Նրա խոսքերով՝ QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են մասնավոր ընկերությանը, որը հռչակվել է ազգային օպերատոր։
«Պատճառը պարտադիր դրոշմավորումն է, Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած մենաշնորհը 44-օրյա պատերազմից 3 օր անց և խուճուճ սխեմաներով ընտրված ընկերությունը։
Օրինակ՝ առավոտյան արդեն իսկ «Մարիաննա» կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600 դրամ, թթվասերը՝ 660 դրամից 700 դրամ և այսպես շարունակ։
Ուշագրավ է սակայն, որ QR կոդերը ստանալու և տպագրելու համար տնտեսվարողները վճարում են 4.2 դրամ ստանալու և 2.2 դրամ տպագրելու համար։ Այսինքն՝ 1 միավոր ապրանքի վրա QR կոդ փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ, սակայն թանկացումy շատ ավելի զգալի է։
Ուշագրավ է նաև, որ QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են մասնավոր ընկերությանը, որը հռչակվել է ազգային օպերատոր և օրենքով մոնոպոլիստ է։
Շատ ավելի ուշագրավ է, թե ոնց է ընտրվել ազգային օպերատորը և ովքեր են այս գերշահավետ մենաշնորհ բիզնեսի սեփականատերերը»,-ասվում է գրառման մեջ։






