AM
1 Հոկտեմբեր 2025 - 12:39 AMT

ՍԱՏՄ․ «էլոլա» թանի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ կասեցվել է «Էլոլա» ՓԲԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը։

Տեսչական մարմնի մասնագետները խախտումներ են հայտնաբերել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գործող արտադրամասում։

«Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Թան 2%» (արտադրված 19․09․2025թ․), արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Արտադրող ընկերությանը տրվել են հրահանգներ՝ խմբաքանակի իրացումն արգելելու, ապրանքը շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ։ Բացի այդ, պարտադրվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին։