ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է կրիպտոարժույթի վաճառքի կարգավորման թեմային՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին։
Նա ընդգծել է, որ չնայած թվային ակտիվները համարվում են ապագայի ուղղություն, դրանց կիրառման որոշ ռիսկեր պահանջում են կարգավորումների խիստ մոտեցում, հայտնում է 1lurer.am-ը։
Ըստ Գրիգորյանի՝ չկան կարգավորումներ, որոնք արգելում են թվային արժույթի կամ կրիպտոակտիվների շրջանառությունը, ավելին՝ Կառավարությունն ու Կենտրոնական բանկը աջակցում են, որպեսզի Քաղաքացիական օրենսգիրքը լիարժեք ճանաչի այդ ակտիվները որպես օրինական գույք, որը կարող է գործել Հայաստանի տարածքում։ Միաժամանակ նա մատնանշել է, որ այս ակտիվների հետագծելիության բացակայությունը խնդիրներ է առաջացնում։
Պատգամավոր Եղոյանը հիշեցրել է, որ խորհրդարանը արդեն ընդունել է օրինագիծ, ըստ որի 2026 թվականից սկսած, կանխիկով կրիպտոարժույթի վաճառքը կարգելվի, և ներկայումս այն թույլատրվում է միայն անկանխիկ եղանակով։ Նա նաև նշել է, որ ոլորտի մասնագետները տեղեկացրել են ԿԲ-ի մի շրջաբերականի մասին, որը, իրենց գնահատմամբ, խոչընդոտում է բանկերի կողմից կրիպտոարժույթների գործառույթների կատարումը։
Ի պատասխան՝ փոխվարչապետը պարզաբանել է, որ թե՛ Կառավարության, թե՛ ԿԲ-ի մոտեցումները ուղղված չեն այդ գործունեության սահմանափակմանը։ Սակայն ֆիսկալ համակարգի տեսանկյունից կան լուրջ ռիսկեր, երբ գործարքները տեղի են ունենում կանխիկ եղանակով, քանի որ այդ դեպքում անհնար է դառնում կողմերի նույնականացումը կամ գործարքի հետագծելիությունը։
Նա նշել է. «Եթե գնումը տեղի է ունենում անկանխիկ, դա նշանակում է ֆիսկալ տիրույթում գոնե այդ առևտուրը ինչ-որ ձևով, գոնե վճարման փուլում արձանագրվում է և ինչ-որ չափով հետագծելի է դառնում: Երբ դա տեղի է ունենում կանխիկով, այլևս հնարավոր չէ իդենտիֆիկացնել գնողին կամ վաճառողին կամ որևէ կերպ տեսնել, թե, ի վերջո, դրամը ուր է գնացել: Սա է խնդիրը»։
Միաժամանակ Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ մայնինգի գործունեությանը խոչընդոտելու միտում չկա, հատկապես հաշվի առնելով այն, որ մայնինգը կարող է օգնել բալանսավորելու Հայաստանի էներգետիկ ներուժի սպառումը՝ հատկապես ավելցուկի պայմաններում։
Նա շեշտել է. «Բնականաբար, շատ զգույշ ենք լինելու և ամեն ինչ անելու ենք, որ մեր կարգավորումները որևէ կերպ, առավել ևս մայնինգին չխոչընդոտեն: Դա բացառվում է, որովհետև մենք ուզում ենք, որ մայնինգ լինի առավել ևս էներգետիկայի ավելցուկների պարագայում: Նաև մայնինգն ինքը շատ լավ գործիք է, որպեսզի մենք մեր էներգետիկ արտադրանքի սպառումը բալանսի բերենք: Բայց, այնուամենայնիվ, շրջանառության պարագայում, այո՛, մարտահրավեր է, մեր օրակարգում և ձեր օրակարգում այդ հարցը շարունակելու է մնալ, որովհետև չեմ կարծում, որ կոնսենսուս կունենաք, որպեսզի գույքի սեփականատերը մնա օֆշորային կամ անտեսանելի գոտում»։
Եզրափակելով իր խոսքը՝ փոխվարչապետը նշել է. «Կանխիկը որևէ մեկը չի արգելել, բայց մենք չենք խթանում կանխիկ շրջանառությունը, և կարծում եմ՝ հետևողականորեն պիտի ամեն ինչ անենք, որ չխթանենք, հակառակ դեպքում՝ ֆիսկալ համակարգը դառնում է շատ խոցելի»։






