ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործընթացները թևակոխել են թվային փուլ․ 2026 թվականի հունվարի 1-ից այս բնույթի դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես նոր էլեկտրոնային համակարգի միջոցով, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Խուսափելու համար մեծ հերթերից ու տեխնիկական խափանումներից՝ քաղաքացիության գործերի կառավարման համակարգը նախագործարկվելու է 2025–ի հոկտեմբերի 6-ից։
Այդ օրվանից դիմումատուները կկարողանան այցելել նոր հարթակ։
Հոկտեմբերի 6-ից սկսած՝ հնարավոր կլինի․
- առցանց գրանցվել հարթակում,
- ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ,
- ամրագրել այցելության օր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ից։
ՀՀ քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ և mID էլեկտրոնային թվային ստորագրություն։
Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող և քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության՝ խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ՝ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։
Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում՝ ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։
Այցելության օրը դիմումատուները ներկայացնում են հայտում նշված փաստաթղթերի բնօրինակը և, կախված դիմումի տեսակից, անցնում են հայոց լեզվի և ՀՀ Սահմանադրության թեստ։






