AM
2 Հոկտեմբեր 2025 - 09:49 AMT

Եկամտահարկի վերադարձին հավելյալ 12.6 մլրդ դրամ կուղղվի

Կառավարության հոկտեմբերի 3–ի նիստում որոշում է կայացվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման նպատակով եկամտահարկի վերադարձի համակարգին տրամադրել հավելյալ 12.6 միլիարդ դրամ։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած սահմանափակումների պատճառով 2024-ի վերջում շահառուների թիվը կտրուկ աճել է, գրում է Sputnik Արմենիան։

«2024 թվականին մոտ 50 հազար շահառու ենք ունեցել, իսկ այս տարի արդեն 62 հազար, որի արդյունքում անհրաժեշտություն է եղել միջեռամսյակային ֆինանսական միջոցների վերաբաշխում անել։ Մասնավորապես, 2025 թ. բյուջեով 84 մլրդ դրամ էինք նախատեսել այս համակարգի համար, որից հունվար–սեպտեմբերին արդեն իսկ 70 միլիարդը ծախսել ենք։ Համեմատության համար ասենք, որ սա ավելի մեծ թիվ է, քան անցած ամբողջ տարվա ցուցանիշը, որը կազմել է 69 մլրդ դրամ»,– ընդգծել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ շինարարության ոլորտում առաջիկա մեկ-երկու տարում դեռ կպահպանվի աճի տեմպը, որից հետո սահմանափակումների ազդեցությամբ շուկան կվերադառնա բնականոն մակարդակի։

«Շինարարության աճի տեմպերի դանդաղում կլինի, սակայն նվազում չի լինի»,– վստահեցրել է Հակոբյանը։

ՊԵԿ նախագահը նաև հավելել է, որ եթե մինչև 2025 թվականը կառուցապատումը հիմնականում կենտրոնացած էր Երևանում, ապա այժմ այն դիվերսֆիկացվում է և ավելի մեծ ակտիվություն է նկատվում մայրաքաղաքից դուրս։