Ոչ բնակության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց ազգային վարորդական իրավունքի վկայականով անարգել երթևեկել այդ պետության տարածքում, իսկ բնակության նպատակով գտնվելու պարագայում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձն ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից: Աշխատանքային այցով այդ երկրում գտնվող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ԱՄԷ փոխվարչապետ, ներքին գործերի նախարար շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը հուշագիր են ստորագրել։
Փոխադարձության սկզբունքի վրա հիմնված հուշագիրը վերաբերում է երկու պետությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը։
Արփինե Սարգսյանն ու շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը առանձնահատուկ կարևորել են Հուշագիրը և ընդգծել, որ այն դրական քայլ է ներքին գործերի նախարարությունների համագործակցության ամրապնդման առումով և միտված է երկու պետությունների քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ազատելուն։
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների գործընկերային հարաբերությունները և նշել համագործակցության խորացման լայն հեռանկարներ։ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև այն աջակցության համար, որ ԱՄԷ-ն ցուցաբերել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կազմակերպման գործում։






