AM
2 Հոկտեմբեր 2025 - 12:22 AMT

Ջերմոցների աջակցության ծրագրում փոփոխություններ կարվեն

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ջերմոցների աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները։ Ծրագիրը կշարունակվի նոր պայմանով՝ 2 տոկոս սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցմամբ:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2023-ին հաստատված ծրագրով նախատեսվում էր հիմնել 35 հա նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսություն, սակայն արդյունքները զգալիորեն գերազանցել են սպասվածը։ Նախարարն ընդգծել է, որ արդեն իսկ կա mwt 60 հա ջերմատնային տնտեսություն հիմնելու հայտ․ դրանցից 15 հա-ն ավարտին կհասցվի մինչև տարեվերջ, իսկ մնացած 45 հա-ի շինարարական աշխատանքները շարունակվում են։

«Արձանագրում ենք, որ կառավարության կողմից թիրախը ոչ միայն կատարվել է, այլև գրեթե կրկնապատկվել է»,– ասել է Պապոյանը։

«Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026թ. հունվարի 1-ից: Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ դրամի գումարի մասնաբաժինը 8 տոկոսային կետով, տրամադրվող վարկի 3-9 մլրդ դրամի գումարի մասնաբաժինը 7 տոկոսային կետով, տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ դրամի գումարի մասնաբաժինը 6 տոկոսային կետով: Հիշեցնեմ նաև, որ ծրագրով սահմանված է նաև 12 ամիս վարկի մայր գումարի և տոկոսագումարների արտոնյալ ժամկետ: Վարկի մարման ժամկետը 8 տարի է»,- հավելել է Գևորգ Պապոյանը:

Այսպիսով՝ Կառավարության որոշմամբ, կփոփոխվեն Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը և կհստակեցվեն շինարարության ավարտից հետո շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ժամանակահատվածը։

Մասնավորապես, որոշմամբ հնարավորություն է տրվում շահառուներին շինարարության ավարտական ակտը և դրա հիման վրա իրականացված պետական գրանցումը հավաստող անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և այլ փաստաթղթերը ներկայացնել ջերմատան կառուցման աշխատանքների համար ծրագրով սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո երկամսյա ժամկետում։ Միաժամանակ, ծրագրի բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով, որոշմամբ նշված դրույթին տրվում է հետադարձ ուժ։